ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կյանքն ու վկայությունները

Կյանքն ու վկայությունները
04.03.2016 | 08:05

ԴԵՂՆԱՀԱՆԴԵՐՁ ՈՒՍԱՆՈՂԸ


Երբ Սադհուն վերադարձավ Շիմլա, նրա համբավն ու քարոզչության հաջողություններն արդեն գրավել էին հյուսիսում գործող քրիստոնեական բոլոր առաքելությունների ու նրանց ղեկավարների ուշադրությունը։ Նրանք համոզվեցին, որ Սադհուն կանչված է մեծ գործերի համար, ուստի սկսեցին զբաղվել նրա կրթության և հաջորդ ճամփորդությունների նախապատրաստության հարցերով։ Սադհուն նրանց և իր քրիստոնյա ընկերների խորհրդով երկու տարի` 1909-10 թվականներին, ուսանեց Լահորի «Սուրբ Հովհաննես» աստվածաբանական ճեմարանում։ Նա լիովին տարբերվում էր ճեմարանում ուսանող հնդիկ և այլազգի քրիստոնյաներից թե՛ արտահագուստով, թե՛ գործելաոճով։ ՈՒսման հենց սկզբում Սադհուի և ճեմարանի առջև ծառացավ նրա արտաքինի հարցը. կա՛մ պետք է փոխեր արտահագուստը և չտարբերվեր մյուսներից, կա՛մ պետք է դուրս մնար ճեմարանից։ Հնդկաստանի անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոս Լեֆրոյը, ով տնօրինում էր նաև առաքելության ճեմարանը, առաջադեմ, լայնասիրտ և բարեհոգի անձնավորություն էր։ Նա Սունդարի հետ զրույցներից իմացավ նրա արդեն մի քանի տարի տևող պտղաբեր քարոզչության մասին ու հասկացավ, որ նա եզակի երևույթ է Հնդկաստանի քրիստոնեության պատմության մեջ, և երիտասարդ Սունդարին բացարձակ ազատություն տվեց` օրհնելով նրա կյանքն ու գործը։ Սադհուն ժամանակ առ ժամանակ ուսումն ընդմիջում էր արձակուրդներին շարունակվող ավետարանչությամբ։
Ճեմարանն ավարտելուց հետո նա Հիմալայի ստորոտ` Շիմլա վերադարձավ` կրկին անառիկ ու ամբարիշտ գյուղերը բարձրանալու մտադրությամբ։ Այդ ժամանակ նրա բարեկամ Սթոքսն արդեն վերադարձել էր Ամերիկայից, և նրանք նոր ուժերով սկսեցին միասին ծառայել փրկության և ազատագրման կարոտ ժողովրդին։ 1911-12 թվականներին նրանք ոտքի տակ տվեցին Նեպալը և Հիմալայների հարավարևմտյան ստորոտի գյուղերը։ Իսկ 1912-ից մինչև կյանքի վերջը Սադհուն մենակ էր շրջում և քարոզում։

1912-ին Տիբեթի ստորոտի գյուղերում ավետարանելու ընթացքում մի անգամ նա լեռնային ճանապարհով պետք է մի գյուղից մյուսն անցներ։ Հեռվում նկատեց երկու հոգու, ովքեր, իրեն տեսնելով, անհետացան։ Սունդարն անհանգստանալու և վախենալու պատճառ չուներ, որովհետև իր միակ հարստությունը ձեռքի Ավետարանն էր և պարկի մեջ գցված բրդե ծածկոցը, որով ցուրտ գիշերներին ծածկվում ու պատսպարվում էր մութ քարայրներում։ Երբ նույն ճանապարհով անցավ դեպի բլրի մյուս կողմը, տեսավ գետնին պառկած մի ցնցոտիավորի և կողքին կանգնած նրա ընկերոջը։ Սունդարին տեսնելով` կանգնածն աղաղակեց. «Մենք մոտակա գյուղից ենք, ընկերս հանկարծակի մեռավ, և ես փող չունեմ, որ նրան գյուղ հասցնեմ ու թաղեմ»։ Սունդարը նրան տվեց ունեցած մանրադրամը, որ քրիստոնյա բարեկամները տվել էին նահանգային սահմանների տուրքը վճարելու համար և առանց որևէ բան ասելու շարունակեց ճանապարհը։ Դեռ հիսուն քայլ չէր անցել, երբ հետևից լսվող գոռգոռոցը սթափեցրեց բնությամբ հիացող Սունդարին։ Նա հետ գնաց և պառկածի կողքին կանգնած նույն մարդը, այս անգամ արդեն դժգույն և սարսափահար, աղաղակեց. «Ընկերս իսկապես մեռած է, վերցրեք ձեր փողը։ Մենք խաբեությամբ ուզում էինք փող կորզել ձեզնից, բայց, երևում է, դուք իսկապես սուրբ մարդ եք, և ձեզ խաբելով մենք Աստծո բարկությունն ու պատիժը բերեցինք մեզ վրա»։ Սունդարը հասկացավ, որ այդ մարդիկ, փոխեփոխ «մեռած» ձևանալով, հաց են մուրում անցորդներից։ Բայց այս անգամ ձևացնողն իսկապես մեռած էր, և թերևս ընկերն ուրախացել էր, որ ինքը չէր մեռածի դերում։ Սունդարը նրան պատմեց Աստծո պատվիրանների, Քրիստոսի խաչելության ու հարության մասին։ Երբ մարդը լսեց այդ ամենը, Քրիստոսին հետևելու և քրիստոնյա դառնալու ցանկություն հայտնեց։ Սունդարը նրան մոտակա միսիոներական կենտրոն առաջնորդեց, ուր նա քրիստոնեական կրթություն ստանալուց հետո մկրտվեց և ավետարանիչ դարձավ` պատմելով իր դարձի, հատկապես Սունդարի հետ իր հանդիպման մասին։

Հյուսիսային Հնդկաստանի թերթերի միջոցով հայտնի դարձավ մի դեպք, որ կատարվել էր Սունդարի հետ։ Այդ դեպքն ազդարարում էր Սունդարի միջոցով գործնական դարձած աստվածաշնչյան «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին» պատվիրանը։
Ամառվա շոգ օր էր։ Մի քանի մշակներ հունձ էին անում Տիբեթի Մարքունտա գյուղի մոտակայքում։ Ընդմիջման պահին Սունդարը մոտեցավ նրանց և զրույցի բռնվեց։ Առտնին զրույցը հետզհետե վերածելով հոգևորի` պատմեց սերմի, որոմների, մշակների, հունձի և Տիրոջ մասին։ Մշակները սկզբում հանգիստ լսում էին նրան, նույնիսկ անտարբերությամբ, բայց երբ Սունդարը խոսեց Քրիստոսի մասին, նրանց անհոգությունը փոխվեց հակակրության և մոլեգնության հասնող ատելության։ «Մենք նոր կրոնի կարիք չունենք» ասելով` նրանք ծաղրեցին Սունդարին, իսկ մեկը կատաղությամբ ու հայհոյելով քարով խփեց Սունդարի գլխին։ Քարկոծության վարժված Սունդարն անմիջապես պատռեց իր ներքնազգեստի ծայրը, փաթաթեց գլուխը և շարունակեց քարոզչությունը։ Մի քանի րոպե անց հարվածող մշակի գլուխն այնպես սաստիկ ցավեց, որ լրիվ թուլացրեց նրան։ Վերջինս ստիպված էր պառկել։ Մշակներն արդեն անցել էին հունձի, երբ Սունդարը հիվանդի համար աղոթելուց հետո վերցրեց մշակի գերանդին ու շարքում զբաղեցրեց նրա տեղը` ջանալով կարգը պահել և մյուսներից հետ չմնալ։ Այդպիսով մշակը չզրկվեց ընտանիքը կերակրելու օրավարձից։ Օրվա վերջում մշակը բավականին լավ էր զգում, գլխացավն անցել էր, և նա Սունդարին մյուս մշակների հետ հրավիրեց իր տուն` ճաշի։ Հյուրասիրությունից հետո ամբողջ գիշեր Սունդարը նրանց քարոզում էր Քրիստոսի և Նրա սիրո մասին։ Վերջում Սունդարն աղոթեց գյուղի և բերքի օրհնության համար, իսկ առավոտյան շարունակեց ճամփորդությունը` Քրիստոսին ընդունած մշակներին հանձնելով Աստծուն։ Այդ տարի մշակները և ամբողջ գյուղը այնքան բերք ու բարիք հավաքեցին, որ երբևէ չէին տեսել։ Նրանք համոզվեցին, որ դա Սունդարի աղոթքի և Աստծո օրհնության շնորհիվ էր եղել։ Նրանք փորձեցին գտնել Սունդարին ու հայտնել իրենց շնորհակալությունը, բայց այդպես էլ չգտան, ուստի որոշեցին մամուլի միջոցով անել դա։

Սադհուի ճամփորդությունը շարունակվեց Հիմալայների հարավային ստորոտով, որը խորհրդանշում է Հնդկաստանի ու Չինաստանի սահմանը, հասավ մինչև Գանգեսի Ռապտի վտակի մերձակա բնակավայրերը։
Գետակի եզերքին սովորականի պես հինդուիստական լվացման արարողություններ կատարող մեծ բազմություն կար։ Գետափին կառուցված մերձակա փոքրիկ տներում նաև շատ սադհուներ էին բնակվում, որոնք հսկում էին բազմության հոգևոր ընթացքը։ Սունդարն Ավետարանը ձեռքին մտավ բազմության մեջ և քարոզեց ճշմարիտ սրբության և կենդանի ջրի մասին։ Ժողովուրդը սկսեց ծաղրել նրան, ոմանք անպատվեցին, իսկ մեկը նույնիսկ կռանալով ափից մի բուռ ավազ վերցրեց և նետեց Սունդարի դեմքին։ Վերջինս խարխափելով գետեզր գնաց` աչքերը լվալու։ Այդ ժամանակ տարածքը հսկող մի քանի ոստիկաններ արդեն մոտեցել էին հավաքված խմբին` պարզելու եղելությունը, և տեսել էին, թե ինչպես է մեկը ավազ նետում Սունդարի աչքերին։ Մինչ Սունդարը լվացվում էր, ոստիկանները ձերբակալեցին կատաղությունից իրեն կորցրած հինդուսին և դեպի ոստիկանական մեքենա տարան։ Երբ աչքերը բացված Սունդարը խմբի մոտ վերադարձավ, տեսավ, թե ոստիկաններն ինչպես են չարագործին մեքենան մտցնում։ Վազելով մոտեցավ նրանց և խնդրեց, որ ազատ արձակեն։ Ի զարմանս բոլորի` ոստիկանները, նայելով Սունդարի խաղաղ և ուրախ դեմքին, բաց թողեցին չարագործին ու հեռացան։ Սունդարն այնուհետև կրկին հանդարտ և ուրախ մոտեցավ հավաքվածներին ու շարունակեց քարոզել սիրո Ավետարանը, ասես ոչինչ էլ չէր եղել։ Չարագործը լուռ նստեց Սունդարի մոտ և սկսեց ուշադրությամբ լսել նրան։ Ամենաոխերիմ թշնամին ամենաջերմ ունկնդիրը դարձավ։ Քիչ անց նա ծնկի գալով ներողություն խնդրեց իր արած չարիքի համար, Քրիստոսի մասին ավելի շատ իմանալու փափագ հայտնեց և խնդրեց, որ Սունդարը թույլ տա ուղեկցել իրեն` հետևելով և աշակերտելով Հիսուսին։ Հետագայում նա ընկերակցեց Սունդարին դեպի Հիմալայ քարոզչական ճամփորդությունների ժամանակ և իր մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում չարչարվել հանուն Քրիստոսի։


Հրապարակման պատրաստեց
Գայանե ԱԹԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 17821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ